Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը:
Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների և հաջողությունների ամրագրման: Վարչապետ Կարապետյանը և Ամենայն Հայոց կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու այլ խնդիրների:
Հարց՝ եթե վարչապետը կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը, ինչո՞ւ իր նշանակման հաջորդ օրը առաջին այցի հասցեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չէր, ինչո՞ւ իբրև վարչապետ չգնաց Վեհափառի օրհնությունը ստանալու: Իսկ եթե նրանց հանդիպումը կառավարությունում խիստ գործնական-աշխատանքային հողի վրա է, ինչո՞ւ է տեղեկատվությունն այդքան հակիրճ «մի շարք հարցերի» մասին, «որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու այլ խնդիրների»: Հատկապես՝ «այլ խնդիրների»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թվում է՝ երկրորդական հարց է՝ վարչապե՞տը պիտի Վեհափառին ընդուներ, թե՞ Վեհափառը վարչապետին հյուրընկալեր, ի վերջո կարևորը՝ հանդիպել են, ինչ-որ խնդիրներ են քննարկել, գուցե նաև լուծումներ են տվել: Բայց՝ ամեն ինչ գլխիվայր է շրջված, որ այս օրին ենք: